Մելանյա Թրամփն իր առաջին ինքնուրույն արտասահմանյան ուղևորությունն է կատարել որպես առաջին տիկին
ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, այս հանգստյան օրերին իր առաջին ինքնուրույն արտասահմանյան ուղեւորությունն է կատարել որպես առաջին տիկին. սեպտեմբերի 23-ին նա ուղեւորվել է Կանադայի Տորոնտո, զինվորական հաշմանդամների միջազգային մրցումներ են անցկացվում: Այստեղ Թրամփը հանդիպում է ունեցել դրանց նախաձեռնողի՝ բրիտանական գահի ժառանգման հերթում հինգերորդը համարվող արքայազն Հարրիի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
ԱՄՆ-ի ղեկավարի տիկինը գլխավորել է ամերիկյան պատվիրակությունը «Աննվաճների խաղերում»: Դրանք միջազգային մրցումներ են, որոնց մասնակցում են բացառապես հաշմանդամ զինվորականները: Արքայազն Հարրիի նախաձեռնությամբ, դրանք 2014 թվականից անցկացվում են ամեն տարի:
Մելանյա Թրամփի հետ միասին ամերիկյան թիմին աջակցելու են ուղեւորվել պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանը եւ վետերանների գործերի նախարար Դեւիդ Շուլկինը: Ընդամենն այս տարի խաղերին մասնակցել են շուրջ 100 ամերիկացիներ:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայություննը, սկզբում Թրամփը հանդիպում է ունեցել արքայազն Հարրիի հետ, որը նշել է, թե վերջին օրերին առաջին տիկինը «շատ զբաղված է եղել»: «Դուք ֆանտաստիկ աշխատանք եք կատարում»,-պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի տիկինը: Նրանց զրույցը տեւել է մոտավորապես 20 րոպե:
Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինքը Twitter-ում լուսանկարներ է հրապարակել այս հանդիպումից: «Շատ եմ հպարտանում մեր առաջին տիկինով: Նա իսկապես մեր երկրի հիանալի ներկայացուցիչն է»,-նշել է նա:
Այնուհետեւ Մելանյա Թրամփը հանդիպման է գնացել ԱՄՆ-ի թիմի անդամների հետ: «Դուք այնքան շատ բան եք արել ձեր երկրի համար: Դուք մեր իսկական հերոսներն եք»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով նաեւ նրանց ընտանիքներին: Իսկ արդեն երեկոյան առաջին տիկինը ժամանել է «Աննվաճների խաղերի» բացման արարողությանը՝ այնտեղ շփվելով Թրյուդոյի ու նրա տիկնոջ հետ:
ԱՄՆ-ի նախագահի տիկինը Վաշինգտոն է վերադարձել լույս սեպտեմբերի 24-ի գիշերը: Ցերեկը նրա Twitter-ում «հաշվետու հոլովակ» է հայտնվել ուղեւորության մասին: Դոնալդ Թրամփը հանգստյան օրերն անցկացրել է Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆ-ակումբում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: