Բաժիններ՝

Զինծառայողը մարտական դիրքում կրակել է ինքն իրեն բերանի շրջանից. ծառայակիցները բռունցքով հարվածել են նրա դեմքին, հայհոյել, պահանջել քրոջ հեռախոսահամարը…

Գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված զինծառայող Գ. Ասոյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու այլ զինծառայողի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ասոյանի դին հայտնաբերվել էր 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Քրեական գործի շրջանակներում նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13 և 65 հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝  2016թ մարտի 11-12-ն ընկած ժամանակահատվածում զորամասի 3-րդ և 4-րդ գումարտակների շինությունների միջանկյալ հատվածում գտնվող ծխարանում, իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու կապակցությամբ բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ասոյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ ձախ աչքի շրջանում պատճառելով կապտուկի տեսքով մարմնական վնասվածք։

Նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարբերաբար նվաստացրել է ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ասոյանի անձնական արժանապատվությունը՝ 2016թ. մարտի 29-ից մարտական հերթապահության ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում գտնվող մարտական հենակետում, նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Գ. Ասոյանի կողմից որպես դիտորդ ծառայությունն իրականացնելու ընթացքում ծառայության վայրում՝ կրակակետում, քնելու և այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին, ապա նույն օրը մարտական հենակետում Գ. Ասոյանից պահանջել է նրա քրոջ բջջային հեռախոսահամարը, սակայն պահանջված հեռախոսահամարի փոխարեն այլ հեռախոսահամար տալու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին, ինչի հետևանքով անզգուշությամբ Գ. Ասոյանին հասցրել է ինքնասպանության:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Գ. Ասոյանը 01.04.2016թ.՝ ժամը 07:00-ից մինչև 09:00-ը՝ ըստ մարտական հերթապահության կրման գրաֆիկի, ծառայության ընդգրկված լինելով հենակետի առաջնագծում որպես դիտորդ, իր ծառայության վայրում իրեն ամրակցված ՁԿԳ-74 տեսակի գնդացիրով ինքն իրեն բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով՝ պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս