«Բունդեսթագ աջերի մուտքը Մերկելի քաղաքականությունից դժգոհության հետեւանքն է». Սեբաստիան Կուրց
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության հաջող արդյունքների պատճառը գերմանացիների դժգոհությունն է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության միգրացիոն քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահ Սեբաստիան Կուրցը:
«Ինձ համար արդյունքները անակնկալ չդարձան: Գերմանիայում շատերն են դժգոհ միգրացիոն քաղաքականության հարցում կառավարության դիրքորոշումից»,- Կուրցի խոսքը մեջբերել է Ավստրիայի մամուլի գործակալությունը: Նրա խոսքով՝ «Այլընտրանք»-ի դիրքերի ուժեղացումը մեծապես պայմանավորված է հենց միգրացիոն ճգնաժամով: «Եվրոպայում քաղաքական գործիչներից շատերը եւ ավանդական կուսակցությունները լրջորեն չմոտեցան փախստականների ճգնաժամին»,-հավելել է նախարարը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:
ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 12,6 տոկոսը:
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: