
Ոստիկանությունն Սպիտակ տան մոտ ձերբակալել է տղամարդու, որի ավտոմեքենայում զենք է եղել. CNN

Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 24-ի առավոտյան Սպիտակ տան մոտ ձերբակալել են տղամարդու, որի ավտոմեքենայում հայտնաբերել են մի քանի հրացան եւ ատրճանակ, ինչպես նաեւ երեք դանակ: Իրավախախտի խոսքով՝ ինքը մտադրվել էր մտնել նախագահի նստավայր: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը։
Կասկածյալը հայտնել է, որ ինքը գնում էր Սպիտակ տուն, որպեսզի հանդիպի Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայքլ Ռոջերսի եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Նա ցանկանում էր խորհրդակցել նրանց հետ «աշխատավարձի կորած վճարագրերի եւ այն բանի վերաբերյալ, թե ինչպես գլխից հանի չիպը»:
Տղամարդն Սպիտակ տան մոտ է եկել 2009 թվականի թողարկման Nissan մակնիշի ավտոմեքենայով՝ Թենեսիի նահանգի համարանիշերով: Նա համաձայնություն է տվել խուզարկելու ավտոմոբիլը, որտեղ հայտնաբերվել է ինը միավոր հրազեն, ներառյալ ատրճանակներ եւ գրոհային հրացաններ, ինչպես նաեւ դանակներ, խլացուցիչներ եւ փամփուշտներ: Կասկածյալին տարել են բժշկական հիմնարկություն՝ հոգեկան հետազոտության համար, այնուհետեւ տեղափոխել ոստիկանական տեղամաս: Այնտեղ նրան զենք պահելու կանոնների խախտման մեղադրանք են առաջադրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: