
ԱՄՆ մուտքի արգելքը կտարածվի ևս երեք երկրների՝ ԿԺԴՀ-ի, Վենեսուելայի և Չադի քաղաքացիների վրա

Երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելված է մուտքն ԱՄՆ, կլրացվի. արդեն ցուցակում գտնվող պետություններին կավելացվեն Հյուսիսային Կորեան, Վենեսուելան եւ Չադը, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, այս որոշումն ընդունվել է տեղեկատվական համագործակցության քաղաքականության վերանայման արդյունում, տեղեկատվության, որը մյուս երկրները տրամադրում են Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին:
Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ից: «Ամերիկայի անվտանգությունն իմ գլխավոր գերակայությունն է,- հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:- Մենք թույլ չենք տա մեր երկիր գալ նրանց, ում չենք կարող հանգամանալից ստուգման ենթարկել անվտանգության առումով»:
ԱՄՆ մուտքն առաջվա պես արգելված կլինի նաեւ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Սոմալիի քաղաքացիների համար: Սակայն Սուդանը կհանվի այդ ցուցակից. այսպիսով, ընդհանուր առմամբ, սահմանափակումները կվերաբերեն ութ պետությունների: