
Ռուս օգտատերերը օգտագործել են Facebook-ը՝ ԱՄՆ-ի ընտրություններին ազդելու համար, փաստում է Facebook ընկերությունը

Facebook-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետաքննող մարմիններին կտրամադրի սոցցանցում հրապարակված 3000 գրառումներ՝ կապված 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հինգշաբթի օրը դրա մասին հայտարարությամբ հանդես է եկել Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ով վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը համագործակցելու ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և Կոնգրեսի հետաքննող մարմինների հետ:
Նախկինում Ցուկերբերգին մեղադրում էին, որ նա համապատասխան ջանքեր չի գործադրել՝ կանխելու սոցիալական ցանցի միջոցով ընտրությունների վրա ազդելու փորձերը:
Facebook-ի ինքնուրույն հետաքննությունը բացահայտել է, որ շուրջ 100 հազար դոլար է ծախսվել ռուսական օգտատերերի կողմից՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ազդելու համար: Ռուսաստանը հերքում է ներգրավված լինելու մեղադրանքները: