10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը
Կինոքննադատների աշխատանքը զգացմունքային տեսանկյունից բավականին խճճված է. դիտել ֆիլմը և հաճո՞ւյք ստանալ, թե՞ հաճույք ստանալ բազմաթիվ վերադիտումներից և հետազոտություններից: Ինչևէ, կինոքննադատների հայացքն անչափ հետաքրքիր է և ֆիլմը դիտելիս ավելի մեծ ուշադրություն է պահանջում:
168.am-ի ֆիլմեր առաջարկելու գործընթացի այս շաբաթվա մասնակիցը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն է, ով ընթերցողին է ներկայացրել իր պրոֆեսիոնալ ու բարձրորակ տասնյակը:
«Հյուսիսեցիներ» (De Noorderlingen)
Հոլանդացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Ալեքս վան Վարմերդամի «Հյուսիսեցիներ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1960-ական թվականներին: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է սովորական հոլանդական գյուղը վերածվում իսկական հոգեբուժարանի, որտեղ յուրաքանչյուրն իր ձևով խենթանում է: Աբսուրդիստական գյուղը շատ փոքր է, այնտեղ կա ընդամենը մեկ փողոց, բայց որտեղ բնակվում են կոլորիտային բնակիչներ: Վերջիններիս բոլոր խնդիրներին ծանոթ է հետաքրքրասեր փոստատարը, ով չի կարողանում զրկել իրեն ուրիշների նամակները կարդալու հաճույքից:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Պրեմիերա» (Opening Night) (կամ Ջոն Կասավետիսի ցանկացած ֆիլմ)
Ամերիկացի կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ջոն Կասավետիսի «Պրեմիերան» պատմում է Բրոդվեյի աստղ Միրթլ Գորդոնի (Ջինա Ռոուլենդս) մասին, ով տեսնելով իր երկրպագուհու մահը՝ խորը դեպրեսիայի մեջ է հայտնվում: Նրան սկսում է հետապնդել աղջկա ուրվականը: Ի զորու չլինելով ազատվել տեսիլքներից՝ Միրթլը տարվում է հարբեցողությամբ: Նրա տարօրինակ վարքը սպառնում է խափանել նոր ներկայացման պրեմիերան:
Միրթլը շարունակում է փորձերին հաճախել, բայց ագրեսիվ կերպով դիմակայում է ներկայացման վերաբերյալ ռեժիսորի մեկնաբանություններին: Սակայն, անկախ ամեն ինչից, պրեմիերան կայանում է: Իրար հաջորդող ներկայացումներ, իմպրովիզներ բեմի վրա. Միրթլը վերագտնում է իր ներքին հավասարակշռությունը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Արագ փոփոխություններ» (Quick Change)
Ջեյ Քրոնլիի համանուն վեպը 1990 թվականին էկրանավորել են Հոբարդ Ֆրանկլին և Բիլ Մյուրեյը:
Երբ բանկ է ներխուժում ծաղրածուն (Բիլ Մյուրեյ) և պահանջում է իրեն տալ ամբողջ գումարը, սկզբում ոչ ոք այդ ամենը լուրջ չի ընդունում: Բայց պարզվում է՝ այս ամենը կատակ չէ. երեք ընկերներն իրականացնում են կողոպուտի իրենց իդեալական պլանը: Գումարը ստանալը, պարզվում է, ամենահեշտն էր. շատ ավելի դժվար է ավարով դուրս գալ քաղաքից: Հատկապես, երբ կողոպտիչներին հետապնդում է թե ոստիկանությունը, թե մաֆիան…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կահիրեի մանուշակագույն վարդը» (The Purple Rose of Cairo)
Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենի կինոկատակերգության գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին, ԱՄՆ-ում՝ մեծ ճգնաժամի ժամանակ: Համեստ մատուցողուհի Սեսիլիան (Միա Ֆերոու) փորձում է փախչել դաժան իրականությունից՝ կինոթատրոնում ֆիլմեր վայելելով: Բայց մի օր հրաշք է տեղի ունենում. նրա կուռք Թոմ Բաքսթերը (Ջեֆ Դենիելս)՝ «Պարոն Կատարելությունը», դուրս է գալիս սև ու սպիտակ էկրանից, մտնում հանդիսատեսի դահլիճ, մոտենում Սեսիլիային և սիրո խոստովանություն անում։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Լուրջ Մարդը» (A Serious Man)
Ամերիկյան կինոռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ Կոեն եղբայրների «Լուրջ Մարդը» ֆիլմի գլխավոր հերոսը 1967 թվականին Միջին Արևմուտքի եվրոպական քոլեջի պրոֆեսոր Լարրի Գոպնիկն (Մայքլ Սթալբերգ) է: Լարին սկսում է մտածել կյանքի արժեքի մասին, երբ բացահայտում է, որ իր կինը ցանկանում է ամուսնալուծվել: Նա խնդիրներ ունի նաև երեխաների հետ, ովքեր գումար են գողանում իր դրամապանակից, և անգործ եղբոր հետ, ով բնակություն է հաստատել իր մոտ, քանի որ չունի ոչ փող, ոչ էլ հասունություն՝ սեփական կյանքն ապրելու համար:
Այս ամենին ավելանում են անանուն, սպառնալիքներով լի նամակները, ուսանողը, ով ամեն գնով ցանկանում է ստանալ իրեն անհրաժեշտ գնահատականը…
Եվ մի փոքր զարմացնում է՝ ինչու է Լարին փորձում լուծել իր խնդիրները ռաբբիների օգնությամբ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (North by Northwest)
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքի արկածային-լրտեսական ֆիլմը պատմում է հաջողակ գովազդային գործակալ Ռոջեր Թորնհիլի (Քերի Գրանտ) մասին, ում սխալմամբ շփոթում են հետախույզ Կեպլանի հետ, ում դեմքը ոչ ոք չի տեսել, բայց ցանկանում են նրան վերացնել: Շփոթմունքի մեջ հայտնված Ռոջերը փորձում է փախչել:
Գնացքի վագոն-ռեստորանում Իվ անունով կինը օգնում է նրան թաքնվել հետապնդողներից…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հմտություն» (The Knack …and How to Get It)
Անգլո-ամերիկյան կինոռեժիսոր և կոմպոզիտոր Ռիչարդ Լեսթերի ֆիլմը երիտասարդ դասախոս Քոլինի (Մայքլ Քրոուֆորդ) մասին պատմություն է, ով ազատ ժամանակ փորձում է աղջիկների հետ հանդիպումների հմտություն ձեռք բերել՝ այդ «արվեստը» սովորելով իր անպարկեշտ հարևանից (Ռեյ Բրուքս):
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Նրա ընկերուհի Ուրբաթը» (His Girl Friday)
Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հովարդ Հոուքսի «Նրա ընկերուհի Ուրբաթը» ֆիլմը պատմում է թերթի գլխավոր խմբագիր Ուոլթեր Բերնսի (Քերի Գրանտ) և նրա նախկին կնոջ և լավագույն թղթակցի՝ Հիլդի Ջոնսոնի (Ռոզալինդ Ռասսել) մասին: Նա գալիս է Ուոլթերին հայտնելու, որ ամուսնանում է և հեռանում է թերթից:
Սակայն Ուոլթերը դեռ սիրում է Հիլդիին և չի ցանկանում կորցնել կարևոր աշխատակցին, այդ պատճառով էլ նրան վերջին հանձնարարությունն է տալիս. հարցազրույց վերցնել մահվան դատապարտված Մերֆիից: Դա նրա լավագույն նյութն է լինելու, կարիերայի գագաթնակետը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Խուլերի երկիրը» (Страна глухих)
Ռենատա Լիտվինովայի «Տիրապետել և պատկանել» վիպակի մոտիվներով նկարահանված ռեժիսոր Վալերի Տոդորովսկու գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Ռիտայի (Չուլպան Խամատովա) ընկերը՝ Ալյոշան (Նիկիտա Տյունին), անհետացել է՝ ռուլետկայում պարտվելով ուրիշի գումարները: Ռիտային իր մոտ պահում է գիշերային ակումբի խուլ պարուհի Յայան (Դինա Կորզուն): Վերջինս կյանքում մի երազանք ունի՝ փող հավաքել ու գնալ հեքիաթային մի աշխարհ՝ «խուլերի երկիրը», որտեղ ապրում են միայն խուլ մարդիկ, տիրում է բարություն ու արդարություն:
Անսպասելիորեն աղջիկները հայտնվում են մաֆիայի երկու խմբավորումների՝ խուլերի ու լսողների բախման կենտրոնում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բրազիլիա» (Brazil)
Կինոռեժիսոր Թերրի Գիլիամի «Բրազիլիա» ֆիլմը պատմում է Սեմ Լաուրիի (Ջոնաթան Փրայս) մասին, ով բավականին գոհ է իր կյանքից: Բայց պատահաբար հանդիպում է մի աղջկա, որին անընդհատ տեսնում է իր երազներում: Նրան նորից հանդիպելու համար նա փոխում է իր աշխատանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան