Ագարակում 26-ամյա երիտասարդը դանակահարել է 3 անձի. պարզվել է շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:
2017թ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1991թ., շարժառիթը։
Նախնական տվյալներով՝ վիճաբանությունն առաջացել է՝ անձնական ավտոմեքենայով Երևանից Ագարակ իրականացրած ուղևորափոխադրման դիմաց պահաջված գումարի չափի պատճառով, որի ժամանակ էլ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նշված տղամարդկանց։ Երիտասարդը ձերբակալվել է, վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: