«Հալեպը վերադառնում է իր բնականոն կյանքին. Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»
Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ զոհվածների մեջ կան հայեր, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Սիրիայի բանակում: Կան հայեր, ովքեր զոհվել են արկերի պայթյուններից: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում քիչ չեն եղել վիրավորները:
«Ցավալի կորուստներ ունեցանք թե մարդկային, թե նյութական: Նախ ավերվեցին բազմաթիվ խանութներ, արհեստանոցներ, գործարաններ: Դրանցից շատերը թալանվեցին: Գետնին հավասարվեցին կամ վնասվեցին բազմաթիվ բնակելի տներ: Մասնավորից բացի, վնասվեցին նաև համայնքային հաստատություններ՝ դպրոցներ, եկեղեցիներ»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Կոնկրետ հաշվարկներ, թե հայ համայնքի կրած վնասը որքան է կազմում, չկան: Ոչ բոլորն են իրենց կորուստների մասին տեղեկացրել: Ժիրայր Ռեիսյանի խոսքով, ներկայում Հալեպում վերականգնման լուրջ գործընթաց է տեղի ունենում: Մասնավորապես, առաջին հերթին վերականգնվեցին ենթակառուցվածքները: Տարիներ շարունակ ջուր և էլեկտրականություն չունեցող քաղաքում այդ հարցերն արդեն կարգավորվում են: Ջրամատակարարումը վերականգնվել է, էլեկտրականությունը՝ նույնպես, սակայն դեռ 24-ժամյա էլեկտրամատակարարման չեն հասել:
Այս ընթացքում հայկական դպրոցներում դասընթացները երբևէ չեն դադարեցվել: Դժվարին պայմաններում դպրոցները շարունակել են աշխատել:
«Այսօր կարող ենք ասել, որ Հալեպը վերադառնում է իր բնականոն կյանքին: Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Մարդիկ վերադարձել են իրենց աշխատանքին, տների, խանութների, գործատեղերի վերականգնմանը»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Այժմ սպասվում է Հալեպի օդանավակայանի վերագործարկումը: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է վերագործարկմանը, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով սպասում են համապատասխան պահի:
Հանգիստ իրավիճակով պայմանավորված՝ Հալեպում նկատվում է տեղի հայերի վերադարձ իրենց բնակարաններ: Վերադարձողները Լիբանանում, Հայաստանում հաստատված սիրիահայեր են: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ նույնիսկ ընտանիքներ են վերադառնում, որոնք այս ընթացքում հաստատվել էին Արևմուտքում:
«Դա բնական է, ի վերջո այստեղ է իրենց տունը, այստեղ են անցկացրել իրենց կյանքը: Այնպես որ, ցանկացած քաղաքացու վերադարձը ողջունելի է: Մարդիկ փորձում են վերականգնել այս տարիների ընթացքում կորցրածը»,- ասաց նա:
Պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին: Այն ծագեց Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքում բողոքի զանգվածային ակցիաներից, որոնք արագ վերաճեցին անկարգությունների: Անկարգությունների ալիքն արագ տարածվեց խոշոր բնակավայրերում՝ Դումայում, Բանիյասում, Համայում, Հալեպում, Հոմսում և այլն: 2011 թ. ամռանը Սիրիայում սկսեցին ձևավորվել ապստամբների առաջին խոշոր խմբավորումները: Պատերազմի տարիներին միլիոնավոր փախստականներ ապաստան գտան տարբեր երկրներում: Առաջին ընդունողներն էին Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան: