«Ստեփանակերտում ձեռքբերումներն ակնառու են». Սուրեն Գրիգորյան

Վերջին տարիներին արդեն բարի ավանդույթ է դարձել սեպտեմբեր ամսվա չորրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտ քաղաքի տոն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Անշուշտ, մեր ժողովուրդն արժանի է այսպիսի տոների: Դրանք նաև առիթ են՝ հետադարձ հայացք ձգելու մեր քաղաքի անցյալին, գնահատելու ներկան և մտածելու ապագայի մեր անելիքների մասին: Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ Ստեփանակերտի հերոսական անցյալով: Մենք նաև պետք է գիտակցենք քաղաքի հետագա զարգացման ու բարեկարգման գործում յուրաքանչյուրիս պատասխանատվության դերը: Կոչ եմ անում բոլորիս՝ ավելի շատ սիրել մեր քաղաքը. չէ՞ որ Ստեփանակերտը ոչ միայն Արցախի մայրաքաղաքն է, այլև յուրաքանչյուր հայի այցեքարտը: Ամեն այցելուի մոտ արցախցու բարոյական կերպարի մասին կարծիքը ձևավորվում է հենց Ստեփանակերտում»,-ընդգծել է Ս. Գրիգորյանը:

Խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին՝ Ս. Գրիգորյանն ասել է, որ Ստեփանակերտում դեռևս լուծելու խնդիրներ կան առանձնապես ենթակառուցվածքների հարցում:

«Ստեփանակերտում ձեռքբերումներն ակնառու են. օրեցօր քաղաքը ծաղկում ու շենանում է: Շատ կուզենայի, որ Ստեփանակերտը նաև դառնա մշակութային բարձր արժեք ներկայացնող մայրաքաղաք»,-նշել է Ս. Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս