Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ-ի հորդորը. չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը

Վերջին շրջանում ՀՀ ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով, որոնցից հիմնականներն են.

– դրանց մի մասը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, չունի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն.

– դրանք տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս, բնակելի շրջանների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հակառակ կողմում (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր, կետ 9.1.1).

– ՀԱԳ ավտոցիստեռնները լցավորելու համար նախատեսված չեն լցավորման աշտարակներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.5).

– պահպանված չէ ավտոցիստեռններից բալոնների լցավորման դեպքում ավտոցիստեռնի և գազալցման կայանի շինություն չհանդիսացող շենքերի ու շինությունների միջև առավելագույնը 80մ միջտարածությունը (հիմք՝ ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2005թ. «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N2399-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 61).

– նախատեսված չեն ավտոցիստեռնների լցավորման աստիճանը հսկելու համար ավտոկշեռքներ կամ ավտոցիստեռններում գազի զանգվածի որոշման, ինչպես նաև ջերմաստիճանի հսկման սարքվածքներ (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.6).

– գազալցման կայանների տարածքներում տեղակայված են նորմերով չթույլատրվող շենքեր և շինություններ (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 60).

– ավտոցիստեռններն ապահովված չեն բավարար քանակությամբ սկզբնական հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով (հիմք՝ N2399-Ն, գլուխ X, ենթագլուխ 22, կետ 141).

– գազալցման կայանների տարածքը շրջափակված չէ նվազագույնը 1,6մ բարձրությամբ, չհրկիզվող նյութերից պատրաստված ցանկապատով (հիմք՝ N2399-Ն, գլուխ VII, ենթագլուխ 12, կետ 62).

– էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին համապատասխան (հիմք՝ ՀՀՇՆ IV-12.03.01-04, կետ 9.4.25, կետ 6.5.7), և այլն:

Հատկապես մտահոգիչ է և հրատապ տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված ՀԱԳ շարժական կայանների հետ կապված իրավիճակը. այն պարզ պատճառով, որ դրանք ունեն խիստ մեծ պոտենցիալ պայթյունահրդեհավտանգավորություն և դրանցում առաջացած հրդեհներն ու պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և’ մարդկային, և’ նյութական:

Ս. թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց և ՏԻՄ-երի ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին: Միաժամանակ՝ տեսչությունը նպատակային հետազոտություններ է անցկացնում գազալցման կայաններում: Առավել վտանգավորների նկատմամբ իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան ներազդման միջոցների` օրենքի ողջ խստությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս