«Պատրաստ եմ անգամ ցուցակից դուրս մնալու, բայց կարևորը՝ կայանա մեծ համախմբում». Դավիթ Սանասարյանի արձագանքը՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչին
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ընդունում է Ժիրայր Սէֆիլյանի՝ իշխանափոխություն իրականացնելու համար ճակատ ստեղծելու առաջարկը: Իր ֆեյսբուքյան էջում Դավիթը գրել է. «Ծանոթացա Ժիրոյի կոչին: Հարցը շատ հստակ է, եթե էս ամուլ վիճակից դուրս գալու այլ առաջարկ չկա, ուրեմն Ժիրոյի մատնանշած ցուցակի մարդիկ իրար հետ առնվազն պետք է հանդիպեն ու քննարկեն օրակարգը։ Քանի որ իմ անունն էլ է նշված ցուցակում, ասեմ. ես պատրաստ եմ անգամ ցուցակից դուրս մնալու, բայց կարևորը՝ կայանա մեծ համախմբում։ Ներկա պահին ընդունում եմ կոչը և պատրաստ եմ հանդիպման»:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել: «Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որը, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ Կարապետյան Ռուբեն, Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։