
«Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց չի լքում Եվրոպան». Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Մեծ Բրիտանիան միշտ իր եվրոպական ընկերների և դաշնակիցների հետ կմնա՝ ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների: Դա չի փոխվի, ինչպես նաև այն, որ մենք նախկինի պես աշխատելու ենք կայունության և մեր բոլոր դաշնակիցների անվտանգության երաշխիքների ուղղությամբ՝ օգտագործելով մեր ունեցած դիվանագիտական և ռազմական բոլոր ռեսուրսները: Ինչպես և կշարունակենք պայքարը անօրինական միգրացիայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական» խմբավորման դեմ»,- հավաստիացրել է Մեյը: Նա նշել է, որ առաջինը բրիտանացիներն են հետաքրքրված ԵՄ հաջողություններով և զարգացմամբ: