Բաժիններ՝

«Ես Արմավիրի մարզպետի աթոռն ուզում եմ դատարկ տեսնել». Անահիտ Բախշյանը կոչով դիմեց ՀՀ վարչապետին և նախագահին

«Դիմում եմ ՀՀ նախագահին՝ հարցնելով՝ էն, որ դրսերում ասում եք՝ խոսքի ազատություն է, մամուլն ազատ է… Այո, ասում ենք, գրում ենք, բայց եթե այդ գրածին որևէ մեկը բանի տեղ չի դնում, չեմ ասի՝ քանի կոպեկ արժի դա, ասողին լսող է պետք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Նա կրկին անգամ բարձրաձայնեց Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի դպրոցի տնօրենի ընտրության մասին, որտեղ Ա. Բախշյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում. «Պարոն նախագահ, Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է: Չգիտեմ՝ Ձեզ ինչանով է ինքն ընդունում, հարգում, բայց ոչ վարչապետին, ոչ նախարարին, ոչ փոխվարչապետին ինքը չի լսում: Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի դպրոցի պատմությունը սկսվում է անցյալ տարվա նոյեմբերից: Դպրոցի տնօրենի հավաստագրման 5-ամյա ժամկետն ավարտվելուց հետո՝ պետք է նոր ընտրություն լիներ: Այդ ընտրությունը նոյեմբերից մինչև այսօր այդպես էլ չկայացավ, ու ակնհայտ է մարզպետի ճնշող ձեռքն այդ գործընթացի վրա: Ինչ-որ բան իրեն դուր չի գալիս: Գործող տնօրենը՝ լեզվի, գրականության ուսուցչուհի, բազմավաստակ մարդ, ում գյուղում հարգում, ընդունում են, չգիտեմ՝ ինչ պատճառներով, կարող եմ ենթադրել նաև՝ կոռուպցիայի, այդպես էլ հաջորդ մրցույթներին չի մասնակցի»:

Ա. Բախշյանի խոսքով՝ Արմավիրի մարզպետն արեց այնպես, որ մրցույթը չկայանա մինչև այս թվականի սեպտեմբերի 4-ը, որը նույնպես չկայացավ: Բանախոսը պատմեց, որ դրանից հետո ինքը ստանում է ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարի նամակն այն մասին, որ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 18.1 կետի համաձայն՝ հավակնորդների գործերն ուղարկել են փոխվարչապետին: Մի հավակնորդը՝ լեզվի, գրականության ուսուցչուհին է, մյուսը՝ Արմավիր քաղաքում ապրող ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որը Մեծամորի թիվ 1 դպրոցից է եկել:

«Ես ուզում եմ հարց տալ Վաչե Գաբրիելյանին, ում ներկայացրել են երկու հավակնորդների գործերը. ինքն ի՞նչ չափորոշիչներով նայեց հավակնորդներին, ինչպե՞ս առաջնորդվեց, որ 5 աշխատանքային օրվա փոխարեն՝ 11 աշխատանքային օր հետո փոխվարչապետը, որպես դպրոցի տնօրենի թեկնածու՝ ներկայացրեց ֆիզկուլտուրայի ուսուցչին, այսինքն՝ մարզպետի մարդուն: Վստահ եմ, որ չի նայել, համոզված եմ, որ մարզպետ պարոն Ղահրամանյանն այս ամբողջ ընթացքում ամեն ինչ արեց, որ իր ուզած մարդը նշանակվի դպրոցի տնօրեն: Իրավունք ունեմ ենթադրելու, որ այդտեղ կա շահախնդրություն: Ի վերջո, հաղթեց փողը, ոչ թե կրթությունը»,- հայտարարեց Ա. Բախշյանը:

Նա ասաց, որ ինքը տեղյակ է, որ այդ գյուղում ժողովուրդը վրդովված, նեղսրտած է. «Խոսում են, որ երեխաներին չեն ուզում ուղարկել դպրոց, կտեղափոխեն ուրիշ դպրոց: Տնօրենի ընտրության այս շատ վտանգավոր ու անտրամաբանական կարգը պետք է վերանայվի: Այն, որ ցանկացած դպրոցի տնօրեն պետք է մարզպետի կրնկի տակից դուրս բերվի, սա միանշանակ է: Պարոն վարչապետ, պարոն նախագահ, լսո՞ւմ եք՝ ինչ ենք ասում, ասում ենք՝ մարզպետի բիզնեսն է դպրոցի տնօրեն նշանակելը:

Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքա՞ր եք տանում, մի ամիս է՝ Ձեզ կտցահարում եմ, ասում եմ՝ Արմավիրի մարզպետը Ձեր կառավարության որոշումների վրա խաչ քաշած ունի, ինչի՞ չեք մի հատ արձագանքում, և ինչքա՞ն կարելի է, հիմա Դուք կոռուպցիային կո՞ղմ եք, թե՞ դեմ, ասեք՝ հասկանանք: Ես մարզպետի տեղն ուզում եմ դատարկ տեսնել, Աշոտ Ղահրամանյանի աթոռն ուզում եմ դատարկ տեսնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս