Վրաստանը Լապշինի մասին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանին
Ադրբեջանական բանտից սեպտեմբերի 12-ին ազատված եւ Իսրայել տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում` սահմանը ապօրինաբար հատելու մեղադրանքով Բելառուսում ձերբակալել և արտահանձնել էին Ադրբեջան, իր ձերբակալության վերաբերյալ նոր մանրամասներ է պատմում: Նրա խոսքով, Ադրբեջանը իր մասին տեղեկատվություն ստանալու խնդրանքով դիմել է մի շարք երկրների, այդ թվում՝Վրաստանին, Իրանին, Իսրայելին և Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:
Լապշինի համաձայն, Իսրայելն ու Իրանը հրաժարվել են որևէ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին: Տեղեկատվություն չի տարամադրել նաև Ռուսաստանը: Մոլդովան և Թուրքիան Ադրբեջանին տեղեկատվություն են տրամադրել բացառապես այդ երկրներ Լապշինի մուտքի եւ ելքի վերաբերյալ:
Վրաստանը, Բելառուսը և Ուկրաինան, բլոգերի խոսքերով, հնարավոր ամբողջ տեղեկատվությունը տրամադրել են Ադրբեջանի իշխանություններին: Լապշինի խոսքով, Վրաստանը Ադրբեջանին տեղեկություններ է տրամադրել հայ-վրացական սահմանի հատման վերաբերյալ, ինչպես նաև այդ պահին սահմանը հատող տասնյակ այլ մարդկանց մասին, ում ինքը չի ճանաչել:
Լապշինը` Հայաստանի և այլ երկրների քաղաքացիների խորհուրդ է տալիս Վրաստանում անշարժ գույք ձեռք բերելուց առաջ հաշվի առնել այն հանգամանքը, որ. «ողջ տեղեկատվությունը հնարավոր է փոխանցվել 3-րդ երկրի»: