«Ես Հմայակ Հովհաննիսյանի հետ ո՞նց համագործակցեմ». Վահրամ Մարտիրոսյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին
«Ինձ համար անակնկալ էր դա, ասեմ, որ անգամ Ժիրայր Սէֆիլյանի հետ անձնապես ծանոթ չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը` խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել:
«Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ, Կարապետյան Ռուբեն, Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։
Վ. Մարտիրոսյանը կարծում է՝ նման կոչ անելը Ժ. Սէֆիլյանի իրավունքն է. «Ես պատրաստ եմ դիմադրությանը մասնակցելու շատ հարցերում: Թե որպես կազմակերպական միավոր՝ այդ ճակատն ինչպիսի՞ տեսք կունենա, կախված է որոշակի մարդկանց հետ քննարկումներից, որոշումներից: Եթե ճիշտ գիտեմ, Հմայակ Հովհաննիսյանը, որն այդ ցուցակում կա, Գրիբոյեդով ակումբի անդամ, է, որը ռուսական ազդեցության մի գործիք է Հայաստանում: Ես չեմ պատկերացնում՝ հետգաղութատիրական այս ճնշման պայմաններում ես համագործակցեմ Հմայակ Հովհաննիսյանի հետ: Ժիրայր Սէֆիլյանի կոչի մեջ երեք կետից երկուսը գաղութացման դեմ պայքարն է, հիմա ես Հմայակ Հովհաննիսյանի հետ ո՞նց համագործակցեմ»:
Մեր ճշտող հարցին, ցանկից միայն Հմայակ Հովհաննիսյանի հետ համագործակցությա՞նն եք դեմ՝ Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում այդ ցուցակը վերլուծել, ես բերեցի Հմայակ Հովհաննիսյանի օրինակը՝ որպես մի ծայրահեղ հակադրություն իմ և իր միջև: Վերջին ելույթը, որ ես իրենից լսել եմ, նա Սերժ Սարգսյանին մեղադրում էր, որ ինքը Պուտինի ակնարկները չի հասկացել, որ ավելի արագ վազելով ընդառաջ գնա, դրա համար Հայաստանը պատժվում է, և Ադրբեջանին զենք են վաճառում: Ես չեմ կարող այս մտածողության մարդկանց հետ համագործակցել»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք նա կողմնակի՞ց է պայքարի այն միջոցներին, որոնք ընդունելի են «Սասնա ծռերի» համար՝ զինված պայքար, ապստամբություն:
Ի պատասխան՝ Վ. Մարտիրոսյանն ասաց. «Կարծում եմ՝ պայքարի ձևերն այսօր կախված է իշխանությունից, եթե իշխանությունը հանկարծ որոշեց՝ ռուսաց լեզուն օտար լեզու չէ, այդ իշխանության դեմ ավելի կտրուկ քայլեր ես մտածում անել: Եթե մարդկանց չեն թողում ազատ շնչել բիզնեսի առումով, գործարարության առումով… Գեղեցիկ խոսքերն ուրիշ բան են, բայց նայում ենք արտահանումը պակասել է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: