
Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։