«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունեմ»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով առանձնապես սպասելիքներ չունի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերը, նշեց, որ ցանկացած նմանատիպ հանդիպում օգտակար է։

«Գործնական հարթությունում, այսինքն՝ բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունեմ։ Անկասկած պետք է լինեն այդպիսի հանդիպումներ, որովհետև ցանկացած հանդիպում օգտակար է»,- նշեց Խոսրով Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ երկու արտգործնախարարները կկարողանան համանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել։

«Երկու երկրների նախագահների հանդիպումները, շփումները միշտ էլ ավելի արդյունավետ են, քան, երբ դրանք բացակայում են։ Այդ շփումների բացակայությունն ավելի ապակայունացնող ազդեցություն է ունենում։ Ես կասկածում եմ, որ բանակցային գործընթացը ռեալ հենքի վրա հնարավոր կլինի բերել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930