
Սիրիայի կառավարությունը ողջունում է երկրի վերականգնման գործում Չինաստանի ակտիվ մասնակցությունը

Սիրիայի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին սիրիական ճգնաժամում արդար դիրքորոշման, ինչպես նաև երկրի վերականգնման գործում ակտիվ մասնակցության համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել է Սիրիայի Արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը իր չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
«Սիրիան շնորհակալություն է հայտնում Չինաստանին իր արդար դիրքորոշման համար, որին հավատարիմ է եղել սիրիական ճգնաժամի այս տարիների ընթացքում: Բարձր է գնահատում այն կառուցողական դերը, որը Չինաստանը ստանձնել է Սիրիայում խաղաղության և կայունության վերականգնման գործում»,- ասված է ՉԺՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը նաև ողջունել է Չինաստանի ներգրավվածությունը երկրի վերականգնման գործում:
Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Ին, ի պատասխան իր սիրիացի գործընկերոջ հայտարարության, հույս է հայտնել, որ Սիրիայի կառավարությունը և երկրի ներսում գործող տարբեր խմբերը կարագացնեն խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի շրջանակում և կհասնեն արդյունքի: