Ո՞վ պետք է վճարի 35 համարի ավտոբուսի վթարից տուժածների բուժման համար. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի N35 ավտոբուսի վարորդը վթարի մասին նշել է, որ հանդիպակաց գոտուց դիմացը մեքենա է հայտնվել, ինքը փախցրել է ավտոբուսը, եւ այն բախվել է պատին: Մեր հարցմանը պատասխանելով ՝ նախնական այս տեղեկությունը հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ քննություն է ընթանում, եւ վթարի վերջնական պատկերն ու պատճառը պարզ կլինեն դրա ավարտից հետո:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես ասացին, որ քննություն է ընթանում, եւ վթարի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դրա ավարտից հետո:
ՀՀ առողջապահության նախարարությունից ու Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե այս եւ նմանատիպ այլ դեպքերում ով պետք է ստանձնի տուժածների բուժման ծախսերը: Ի դեպ, տվյալ պարագայում 35 համարի երթուղին սպասարկում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ընկերությունը: Այսինքն՝ այսպես կոչված այլ գծատեր չկա:
Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ տուժածների բուժման փոխհատուցման վերաբերյալ հարցի պատասխանը չունի:
Նա նկատեց, որ երբ քննության արդյունքով գործը մտնում է դատարան, նման հարցերը դատարանն է վճռում. «Դատարանն է որոշում՝ ով մեղավորն է, նա էլ պետք է փոխհատուցի»:
ՀՀ առողջապահության նախարարությունից նույնպես չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե արդյոք ավտոբուսի վթարի պատճառով հիվանդանոցում հայտնված մարդիկ չպե՞տք է անվճար բուժօգնություն ստանան»: