
Միլիոնավոր դրամներ են վճարել, բայց զրկվել են տներից. ի՞նչ կապ ունի Բանգլադեշցի Համիկը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Պուշկին եւ Սարյան փողոցների հատման մասում 2007 թվականին կառուցված բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի գնորդ Լաուրա Մարդոյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է զրկվել իր բնակարանից:
Լաուրա Մարդոյանը 2009 թվականին երկու պայմանագիր է կնքել շենքը կառուցապատած «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանի հետ եւ բնակարան ձեռք բերել: Նրան մաս-մաս վճարել է ընդհանուր առմամբ 83 միլիոն դրամ: Վճարումը կատարվել է երկու փուլով: Առաջին վճարումից հետո Գագիկ Պապոյանը Լաուրա Մարդոյանին է տրամադրել բնակարանի բանալիները եւ պայմանավորվել են ամիսներ անց կնքել առքուվաճառքի հիմնական պայմանագիրը, եւ ստանալ բնակարանի սեփականության վկայականը:
Նախնական պայմանագրի կնքումից 5-6 ամիս անց պետք է կնքվեր հիմնական պայմանագիրը, սակայն Գագիկ Պապոյանը անընդհատ ձգձգել է պայմանագրի կնքման ժամանակահատվածը, իսկ Լաուրա Մարդոյանը չի անհանգստացել, քանի որ Պապոյանի հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել: Մարդոյանը երբեմն ուշացրել է գումարի վճարման օրերը, սակայն Պապոյանն իրեն ընդառաջել է, որն էլ պատճառ է դարձել, որ Մարդոյանը չդիմի դատարան:
Դեռեւս սեփականության վկայական չունենալով` Լաուրա Մարդոյանը բնակարանում վերանորոգման աշխատանքներ է սկսել, փոխել է ջրագծերը եւ այլն: Տարիներ անց վերջինս ամուսնու հետ տեղափոխվել է ՌԴ եւ 2012 թվականին լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Գագիկ Պապոյանը կալանավորվել է: Պապոյանը 2012 թվականին ձերբակալվել էր այն բանի համար, որ իր կողմից Երեւանի կենտրոնում կառուցապատած բազմաթիվ շենքերի բնակարանները միանգամից վաճառել էր տարբեր քաղաքացիների եւ միլիոնավոր դոլարների հափշտակություն էր կատարել: Հետագայում Գագիկ Պապոյանը դատապարտվել է 9 տարի ազատազրկման:
Լաուրա Մարդոյանը, տեղեկանալով Պապոյանի ձերբակալման մասին՝ եկել Երեւան եւ գնացել իր բնակարան: Տեղում պարզել է, որ բնակարանի դուռը կոտրել են եւ նոր դուռ տեղադրել: Չկարողանալով մուտք գործել բնակարան՝ վերադարձել է Մոսկվա: Որոշ ժամանակ անց դիմել է ոստիկանություն եւ արդեն հետաքննության փուլում տեղեկացել է, որ բնակարանի սեփականատերն Անդրանիկ Խալոյանն է: Հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ Անդրանիկ Խալոյանն ունեցել է բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական:
Մինչ այդ Լաուրա Մարդոյանը դիմել է դատարան, սակայն Գագիկ Պապոյանի դեմ հարուցված քրեական գործով պայմանավորված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է: 2017 թվականին արդեն երկրորդ անգամ դիմել է դատարան եւ պահանջել է Գագիկ Պապոյանին պարտավորեցնել իր հետ պայմանագիր կնքել: Դատական գործը դեռ դատաքննության փուլում է:
Այս ամենից զատ Լաուրա Մարդոյանը հանդիպել է Անդրանիկ Խալոյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Աշոտ Ավետիսյանը, որը հայտնի է «Բանգլադեշցի Համիկ» անունով:
«Ինձ այդ անունը ոչինչ չեր ասում այնքան ժամանակ, մինչեւ ես հանդիպում ունեցա Անդրանիկ Խալոյանի հետ: Տվյալ անձնավորությունը մասնակցում էր այդ հանդիպմանը՝ 2017 թվականին, ամիսներ առաջ: Իմ մտերիմների միջոցով ես հանդիպել եմ Խալոյանի հետ, հաշտության եզրեր գտնելու համար: Քննարկմանը մասնակցում էր նաեւ «Բանգլադեշցի Համիկը»: Հիմնականում բոլոր հարցերը ինքն էր տալիս, պատասխանները տալիս էր ինքը»,- ասաց Լաուրա Մարդոյանը: Անդրանիկ Խալոյանն առաջարկել է նրան վճարել բնակարանի շուկայական գնի եւ 2009 թվականին ձեռբ երված բնակարանի գնի տարբերությունը եւ դառնալ սեփականատեր, սակայն Մարդոյանը չի համաձայնվել:
Այս պատմության մեջ գլխավոր խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել Անդրանիկ Խալոյանին շենք կառուցել նույն այն հասցեում, որտեղ արդեն 2007 թվականին շենք է կառուցվել, իսկ սեփականության վկայականը Խալոյանը ձեռք է բերել 2012 թվականին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: