«Լակոտ, ես ժամանակ չունեմ քո հետևից ընկնեմ». ըստ վկայի՝ նրան ասել է զինված խմբի պարագլուխը. «ՀԺ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց 2015 թվականին ԱԱԾ կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:

Դատարանում երեկ ցուցմունք տվեցին մայր գործի անջատված մասով դատապարտված, ներկայումս ազատության մեջ գտնվող վկաներ Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը: Ինչպես սույն գործով մյուս վկաները, այնպես էլ նրանք այսօր դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալուց: Ուստի, մեղադրող դատախազները միջնորդեցին հրապարակել նրան նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչը դատարանը բավարարեց:

Ստեփան Չիլինգարյանն, ով նախքան կալանավորվելը եղել է Գյումրու Շիրակ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակից, նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում հայտնել է, որ իրացված զինամթերքը ժամանակին պատկանել են իր պապին, ով ըստ նրա՝ մտերիմ է եղել նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ:

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս, վկան քննիչին հայտնել է, որ զինամթերքը վաճառել է դրանից ազատվելու եւ պարտքերն ու վարկերը փակելու համար: Անուշավան Ավետիսյանին ճանաչել է մանկուց. նա զենքի մի մասը՝ ինքնաձիգը եւ նռնականետը վաճառել է Անուշավան Ավետիսյանին 2400 դոլարով, այնուհետեւ որոշել է զենքի մի մասը եւս վաճառել նրան, բայց քանի որ ինքնաձիգերն այնքան էլ լավ վիճակում չեն եղել` 2300 դոլարով է կարողացել վաճառել:

Հարցին Արթուր Վարդանյանին ճանաչե՞լ եք, թե՞ ոչ, մեղադրյալը բացասական պատասխան է տվել, ապա հավելել, որ հեռուստացույցից է իմացել, որ ինչ-որ Արթուր Վարդանյան զինված խումբ է ստեղծել եւ ինչ-որ հանցագործություն են ցանկացել անել: Ըստ նրա՝ Գյումրի քաղաքում շրջանառվող տեղեկություններից է իմացել, որ Անուշավանն ինչ-որ կապ է ունեցել այդ խմբի հետ եւ նրան նույնպես բռնել են: Որից հետո արդեն Ստեփան Չիլինգարյանին են մեղադրանք առաջադրվել:

Երեկ ցուցմունք տվեց նաեւ վկա Իլիչ Թադեւոսյանը: Դատավորի հարցին, թե ամբաստանյալներից ում եք ճանաչում, վկան ասաց, որ իր համագյուղացիներին Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Վարդանյանին, Ավետիս Բարեյանին: Վերջիններս Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Վկան ասաց, որ մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վարդանյանի հետ:

Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բարկացավ, երբ նա իր ցուցմունքում նշեց, որ իր հորն Արթուրը ցանկացել է Քեսաբ տանել եւ, երբ նա զանգել է հորը, ինքը վերցրել է հեռախոսը եւ զգուշացրել այլեւս չանհանգստացնել իր հորը:

«Ես հեռախոսը վերցրի ու ասացի, որ հորս հետ գործ չունես, նա պատերազմի մասնակից է եղել, առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում, որ իմ հայրը մասնակցի այդ պատերազմին: Նա էլ ինձ պատասխանեց՝ լակո՛տ, ես քո հորը չեմ զանգահարում»,- ասաց վկան: Հայրը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Ավետիս Բարեյանի միջոցով: 2015թ. հոկտեմբերի 3-ին, զանգել է իր հորը, կանչել Սպիտակ. հայրը գնացել է այնտեղ եւ հանձնել իր հրացանը:

Արթուր Վարդանյանը վկային հորդորեց սուտ ցուցմունք չտալ՝ զգուշացնելով, որ այլապես քրեական պատասխանատվության կենթարկվի:

«Գիտես չէ, որ կեղծ ցուցմունք տալը լավ բան չի, դու կեղծ ցուցմունք ես տալիս: Քանի՞ անգամ ինձ զանգեցիր դու, ինչ սուտ, իրար հակասող ցուցմունք ես տալիս, ես ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ խոսել»,- վկային հարցրեց Արթուր Վարդանյանը, որին ի պատասխան վկան ասաց. «Մեկ անգամ եմ զանգել, երբ հորս հետ խոսում էիր, հայրս էլ ասաց՝ ես Քեսաբ կգամ, դոշ կտամ, թող ինձ խփեն, բայց քեզ չխփեն: Էդ պահին հեռախոսը վերցրի, ասացի, որ էլ չզանգես, դու էլ ասիր՝ «Լակո՛տ, ես ժամանակ չունեմ քո հետեւից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ…»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս