Չինաստանը դեմ է ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
Չինաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը սահմանել է միակողմանի կարգով, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։
«Եթե դուք խոսում եք պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որոնք սեպտեմբերի 21-ին ստորագրվել են նախագահ Թրամփի կողմից, ապա այդ հարցի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը հայտնի է. մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներից դուրս միակողմանի պատժամիջոցների դեմ: Այս դիրքորոշումը հստակ է եւ հետեւողական»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լու Կանը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, որն ընդլայնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության լիազորությունները ԿԺԴՀ-ի եւ նրանց դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում, ովքեր Փենյանին օգնություն են ցույց տալիս տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես առեւտրական եւ ֆինանսական հատվածներում:
Ֆինանսական գերատեսչության ղեկավարն այժմ կարող է «արգելափակել բոլոր դրամական միջոցները, որոնք ստացվում են այն (բանկային) հաշիվներ կամ դրանցից եւ անցնում դրանցով, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի հետ եւ գտնվում են Միացյալ Նահանգներում կամ պատկանում են ԱՄՆ-ի քաղաքացիների»:
Որոշումը նաեւ լիազորություններ է տրամադրում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին, պետքարտուղարի հետ կոնսուլտացիաներից հետո, սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք կապված են ԿԺԴՀ-ի արդյունաբերության, տրանսպորտային ճյուղի հետ կամ ներմուծմամբ կամ արտահանմամբ են զբաղվում ԿԺԴՀ-ում: Սահմանվում է այն ինքնաթիռներով եւ նավերով ԱՄՆ այցելության 180-օրյա արգելք, որոնք եղել են ԿԺԴՀ-ի տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: