«Սերժ Սարգսյանը հստակ ցույց տվեց, որ պաշտոնական Երևանը խստացնում է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում». Քաղաքագետ
«Անկախ այն հիմնական ուղերձներից, որոնք հնչում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթներում, միակ փաստն այն է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և առիթը բաց չեն թողնում այդ դիրքորոշումները ցուցադրելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթների մասին:
Ըստ քաղաքագետի՝ նախագահների ելույթներից կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացի ոչ միայն հաջողելու, այլև վերսկսելու և որոշակի տրամաբանական ընթացքի մեջ դնելու հույս չկա: Նրա խոսքով՝ որքան էլ նախատեսված լինի արտգործնախարարների հանդիպում, արդեն իսկ երկրների նախագահների դիրքորոշումները ցույց են տալիս, որ, եթե լինի նման հանդիպում, ապա սպասելիքներ այդտեղից հնարավոր չէ ունենալ:
«Ակնհայտորեն երևաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է առանց դիվանագիտական չակերտների, հստակ ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը խստացնում է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում, և այն ձևակերպումները, որոնցով նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր, թե ինչպես ենք պատկերացնում լուծումը, արդեն իսկ մատուցման ձևից ցույց է տալիս, որ, եթե անգամ հետագայում բանակցությունները վերսկսեն փոխզիջումային տրամաբանության մեջ, հայկական կողմը զիջումների ծավալները շատ մինիմալ է տեսնում, համենայն դեպս, դա այն չէ, ինչի մասին խոսվում էր Մադրիդյան սկզբունքների մեջ:
Շատ խիստ էին մոտեցումները, և դա տրամաբանվում և հիմնավորվում էր այն փաստով, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է հայատյացության քաղաքականություն, և որպես նպատակ՝ ունեցել է հայության բնաջնջումը: Նախագահը և՛ պատմական ակնարկ արեց դրա վերաբերյալ, և՛ նաև խոսեց անցյալ տարվա ապրիլյան զարգացումներում Ադրբեջանի զինվորականների վայրագությունների մասին»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը: