Բաժիններ՝

Կուրցը ցանկանում է Պուտինի և Թրամփի գագաթնաժողով կազմակերպել Վիեննայում

Չեզոք Ավստրիան կարող է ժամանակակից միջազգային քաղաքականության մարտահրավերների շուրջ բանակցությունների անցկացման վայր դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ)՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին:

«Ես կցանկանայի Թրամփին առաջարկել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չեզոք Ավստրիայում գագաթնաժողովում քննարկել միջազգային քաղաքականության կարեւորագույն մարտահրավերները»,-նշել է Կուրցը՝ ի պատասխան Ավստրիայի մամուլի գործակալության այն հարցին, թե ինչ թեմա է նա ցանկանում արծարծել ԱՄՆ-ի ղեկավարի հետ իր առաջին հեռախոսազրույցի ընթացքում, եթե խորհրդարանի ընտրությունների արդյունքում դառնա Ավստրիայի կանցլեր:

Ավստրիայի Ազգային խորհրդի վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին՝ 16 կուսակցությունների ու քաղաքական շարժումների մասնակցությամբ: Նախարարների կաբինետի ղեկավարի աթոռի եւ խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար առավել լարված պայքար կծավալվի գործող կանցլեր, Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) նախագահ Քրիստիան Քեռնի եւ արտաքին գործերի նախարար, Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Սեբաստիան Կուրցի միջեւ:

Մրցարշավում առաջատարի երրորդ հավակնորդը Ավստրիայի ազատության կուսակցության (ԱԱԿ) ղեկավար Հայնց-Քրիստիան Շտրահեն է: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, ավստրիացիների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել Ավստրիայի պահպանողական ԱԺԿ-ի եւ նրա առաջնորդ Կուրցի օգտին: Այսպես, հարցման մասնակիցների 33 տոկոսը հանդես է գալիս ԱԺԿ-ի օգտին, 23 տոկոսը՝ ԱԱԿ-ի, 22 տոկոսը՝ ԱՍԴԿ-ի օգտին:

31-ամյա Սեբաստիան Կուրցի ժողովրդականության վարկանիշը ավստրիացի ընտրողների շրջանում աճում է անհավանական տեմպերով գլխավորապես նրա այն կոչերի շնորհիվ, որոնք վերաբերում են Եվրոպայում անօրինական միգրանտների հոսքի դադարեցմանը եւ միգրացիոն ճգնաժամի էսկալացիայի դեպքում Ավստրիայի սահմանները փակելուն:

Նա նաեւ փողոցում փարանջա կրելու արգելք սահմանելու, որն սկսելու է Ավստրիայում գործել հոկտեմբերից, եւ բոլոր փախստականների համար գերմաներեն լեզվի եւ ավստրիական մշակույթի պարտադիր ուսումանասիրման ծրագրի ներդրման նախաձեռնողն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս