
«Մարիա» փոթորիկը Դոմինիկայում առնվազն 15 մարդու կյանք է խլել

Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը: Նա հրաշք է համարել, որ տարերքի զոհեր չեն դարձել հարյուրավոր մարդիկ, տեղեկացնում է BBC-ին:
«Մարիա» փոթորկին տրվել է վտանգի չորրորդ կատեգորիա: Կղզում այն քանդել կամ վնասել է հարյուրավոր տներ: Այնուհետեւ փոթորիկն անցել է Պուերտո Ռիկո՝ առանց էլեկտրականության թողնելով ամբողջ կղզին:
Սկերիտը պատմել է, որ վերջին 24 ժամերն ինքն անցկացրել է՝ օդից զննելով սաստիկ մրրիկի հարուցած վնասումները:
«Դա վայրագ փոթորիկ էր: Մենք երբեք նման ավերածություններ չենք տեսել»,- հայտարարել է վարչապետը:
Տներն ու դպրոցները քանդվել են, հեռահաղորդակցուղիները կտրվել, իսկ կղզու գլխավոր հիվանդանոցում առաջվա պես էլեկտրականություն չկա, նշել է նա: Վարչապետը հավելել է , որ կղզուն անհրաժեշտ է «ցանկացած օգնություն, որն աշխարհը կարող է առաջարկել»։