Թրամփն ընդլայնել է ԱՄՆ-ի ֆիննախի լիազորությունները ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, որն ընդլայնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության լիազորությունները ԿԺԴՀ-ի եւ նրանց դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում, ովքեր Փենյանին օգնություն են ցույց տալիս տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես առեւտրական եւ ֆինանսական հատվածներում։
Ինչպես նշված է Սպիտակ տան տարած փաստաթղթերում, նոր պատժամիջոցները կարող են վերաբերել յուրաքանչյուրին, ով առեւտուր է անում ԿԺԴՀ-ի հետ, տեխնոլոգիաներ է մատակարարում նրան կամ տրամադրում ինչ-որ ծառայություններ:
Ֆինանսական գերատեսչության ղեկավարն այժմ նաեւ կարող է «արգելափակել բոլոր դրամական միջոցները, որոնք ստացվում են այն (բանկային) հաշիվներ կամ դրանցից եւ անցնում դրանցով, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի հետ եւ գտնվում են Միացյալ Նահանգներում կամ պատկանում են ԱՄՆ-ի քաղաքացիների»:
Որոշումը նաեւ լիազորություններ է տրամադրում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին, պետքարտուղարի հետ կոնսուլտացիաներից հետո, սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք կապված են ԿԺԴՀ-ի արդյունաբերության, տրանսպորտային ճյուղի հետ կամ ներմուծմամբ կամ արտահանմամբ են զբաղվում ԿԺԴՀ-ում: Սահմանվում է այն ինքնաթիռներով եւ նավերով ԱՄՆ այցելության 180-օրյա արգելք, որոնք եղել են ԿԺԴՀ-ի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: