«Կարող է Կարո Փայլանի համար էլ վտանգավոր լինել, բայց նույն մթնոլորտը չէ, ինչ Հրանտ Դինքի պարագայում էր». Ալի Բայրամօղլու

«Ինքս «Հրանտ Դինք» հիմնադրամի հիմնադիր-անդամ եմ, նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահն եմ. հիմնադրամը շարունակում է աշխատանքներ կատարել, և բավականին ազդեցիկ նախագծեր է իրականացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Թուրքիայից Հայաստան ժամանած, Թուրքիայի մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն:

Հարցին, թե՝ ի՞նչ վտանգներ կան այսօր Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար, մասնավորապես՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի համար, քանի որ Հրանտ Դինքիի սպանությունից առաջ, ընդհատ անձնական շփումներում խոսել է իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների, նամակների մասին, Ա. Բայրամօղլուն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ ավտորիտար համակարգերում միշտ էլ վտանգ կա, վախն էլ մարդկային զգացողություն է: Կարծում եմ՝ Հրանտ Դինքի պարագան մի փոքր այլ էր, ես ինքս Հրանտ Դինքի շատ մտերիմ ընկերն եմ եղել, և ամբողջ այդ ընթացքն ինձ շատ լավ ծանոթ է մինչև իր սպանությունը: Հրանտ Դինքը շատ մեծ դերակատարում ունեցավ Թուրքիայում Ցեղասպանության, հայկական ինքնության օրակարգ բերելու հարցում: Այդ ժամանակվա մթնոլորտն այլ էր, հիմա նման մթնոլորտ չկա:

Իհարկե, Կարո Փայլանն էլ՝ որպես այդ խնդիրներն արծարծող պատգամավոր, կարող է իր համար էլ վտանգավոր լինել, բայց այդ նույն մթնոլորտը չէ, ինչ առկա էր Հրանտ Դինքի պարագայում, և ներկայումս սպառնալիքները միայն կարծես հայերին չեն ուղղված, ընդհանրապես Թուրքիայում ազատ մտածող բոլոր մարդիկ վտանգի տակ են»:

Տեսանյութեր

Լրահոս