Բաժիններ՝

«Նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ:

Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։

Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը՝ այն դարձնելով ավելի գրավիչ ու մրցունակ։ Այս նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը։

Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ համախմբող մեծ ուժ ու խորհուրդ ունեցող այս տոնի կապակցությամբ, մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս