
«Եկեք միակողմանի մոտեցումներից զերծ մնանք և միասնաբար աշխատենք հանուն անկախության ամրապնդման». Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է անում համայն հայությանը միասնաբար աշխատել հայրենիքի անկախության ամրապնդման համար: «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում Արամ Ա կաթողիկոսը նշեց, որ Անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն ու պարտավորությունն է:
«Մենք ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունը և Սփյուռքի, ուստի այնպես պետք է անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի: Մեր եկեղեցու առաքելության հիմնական մասն է կազմում մեր հայրենիքի անկախությունը: Նայեք պատմությանը մինչև Սարդարապատ:
Մեր եկեղեցին գնաց Սարդարապատ՝ կռվելու հանուն հավատի և հայրենիքի: Հետևաբար, եկեք մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից զերծ մնանք և բոլորս միասնաբար, տարբեր կերպ աշխատենք՝ հայրենիքի անկախության ամրապնդման համար»,- ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: