Շնորհավոր Սեպտեմբերի 21
Այսօր Սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ Ինչպես ամեն տարի, այսօր ևս կհնչեն բարձրագոչ ու պաթետիկ ելույթներ անկախության անբեկանելիության ու անշրջելիության մասին։ Կհնչեն նաև նրանց կողմից, ովքեր իրենց գործունեությամբ ու անգործությամբ սպառնում են Հայաստանի անկախությանը, որը, թերևս, այնքան վտանգված չի եղել, որքան այսօր։
Ու պատահական չէ, որ այսօր արդեն վտանգի տակ է անկախության ամենակարևոր ատրիբուտը՝ լեզուն, իշխանությունները պատրաստվում են հատուկ կարգավիճակ տալ ռուսերենին։
Սակայն Հայաստանի անկախությանը սպառնացող բոլոր մարտահրավերների հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ, բարեբախտաբար, հասարակությունն այսօր շատ ավելի զգայուն ու պահանջատեր է դարձել անկախության նկատմամբ և գոնե հանրային քննարկումների մակարդակում արձագանքում է անխախության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության։ Մնում է, որ անկախության նկատմամբ այդ վերաբերմունքը դառնա քաղաքականություն իրականացնողներին ուղղված հանրային պահանջարկ, որից շեղվող գործիչներն ու ուժերը կհայտնվեն այնտեղ, որտեղ հայտնվեցին Հայաստանն անկախությունից զրկողները։
Շնորհավոր Սեպտեմբերի 21։