Լոնդոնում համաձայն են Բրյուսելին 20 մլրդ եվրո վճարել Brexit-ի համար. Financial Times
Հրաժարադրամի չափը, որը Մեծ Բրիտանիան համաձայն է վճարել Բրյուսելին Brexit-ի կապակցությամբ Եվրամիության հանդեպ պարտավորությունները չկատարելու համար, կարող է կազմել առնվազն 20 միլիարդ եվրո: Ինչպես հայտնել է Financial Times (FT) թերթը, այդ գումարը կհնչեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ֆլորենցիայում Brexit-ի թեմայով ունենալիք ծրագրային ճառում:
Հրատարակության տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի՝ Brexit-ի թեմայով սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում նախատեսված ծրագրային ճառում կարծարծվի հրաժարադրամի թեման:
Մինչդեռ Եվրամիության իշխանություններն արդեն ակնարկել են, որ Մեծ Բրիտանիայի չկատարված հանձնառությունները հասնում են 100 միլիարդ եվրոյի, սակայն հանելով բոլոր փոխադարձ պարտքերը՝ այն կարող է կազմել 60 միլիարդ եվրո:
Հրապարակման մեջ ընդգծված է, թե «Մեյի թիմը հուսով է, որ այդ առաջարկությունը Բրյուսելի հետ Brexit-ի շուրջը բանակցությունները դուրս կբերի փակուղային վիճակից, որը ձգձգվում է արդեն երեք ամիս, եւ թույլ կտա անցնել բանակցությունների երկրորդ փուլին, որն ուղի կբացի» Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ ապագա առեւտրական հարաբերությունների հարցի քննարկման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: