Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 62-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է՝ իրեն ծեծող կանայք անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով». shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սեյրան Սահարյանը Ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առջև իր հարևաններ Թեհմինեն, Ջեմման և Քրիստինեն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, հետո ծեծի ենթարկել ու քարերով հարվածել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սահարյանը, ով աշխատում է «Եղվարդշին» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես բանվոր, ոստիկաններին հայտնել է, որ կանայք իրեն ծեծելու ընթացքում անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ կանանց հայտնաբերելու ուղղությամբ։