Հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը կարող է մարդկությանը զրկել պաշտպանությունից. ԱՀԿ
Մարդկությունը կարող է առանց պաշտպանության մնալ ախտահարույց մանրէներից՝ նկատի առնելով դրանց աճող կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ: Այս խնդրի վրա ուշադրություն է հրավիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սեպտեմբերի 20-ին Ժնեւում հրապարակված զեկույցում։
«Հակամանրէական պատրաստուկների նկատմամբ կայունությունն իրենից չափազանց մեծ խնդիր է ներկայացնում համաշխարհային առողջապահության համար, որը կարող Է արդի բժշկագիտության բնագավառում լրջորեն սպառնալ առաջընթացին,- զեկույցի հրապարակման առնչությամբ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:- Անհրաժեշտ է շտապ ավելացնել ներդրումներն այն հետազոտությունների եւ մշակումների բնագավառում, որոնք վերաբերում են հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակներին, ներառյալ տուբերկուլյոզը»:
Ինչպես նշված է զեկույցում, այժմ օգտագործվող դեղորայքի մեծամասնությունը «հակաբիոտիկների գոյություն ունեցող դասերի վերափոխակներն են», ինչն իրենից «կարճաժամկետ լուծում» է ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: