«Մենք քաղաքացի դաստիարակելու խնդրում դեռ թերացել ենք». Թևան Պողոսյան

«Անկախության հռչակումից ի վեր՝ Հայաստանի առաջին և կարևոր ձեռբերումը Արցախի ազատագրումն է, հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում, դա մնայուն ձեռքբերում է, անգամ ես կասեի՝ համազգային նվաճում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը:

Ըստ նրա՝ մյուս ձեռքբերումն այն է, որ Հայաստանում թուրք-թաթարական բնակչության մասով, որը 1989 թվականին 170 հազար էր և իր աճի տեմպերով գերազանցում էր հայերի տեմպերին, ունեցանք բնակչության փոփոխություն նոր ադրբեջանաբնակ հայերի հետ.

«Մենք չկարողացանք Հայաստան եկած ադրբեջանահայությանը ապահովել կենսական պայմաններով: Ամենամեծ կորուստը համարում եմ Հայաստանի բնակչության քչացումը, արտագաղթը, ինչպես նաև կորուստ եմ համարում գերմոնոպոլիզացված տնտեսությունը՝ դրանից ածանցվող տեսական բացասական երևույթներով»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն էլ ասաց, որ միակ հպարտությունը, որ այսօրվա դրությամբ բոլորս նշում ենք, այն է, որ Հայաստան ասելով՝ մենք ոչ միայն հասկանում ենք վարչատարածքային ընկալում՝ ՀՀ, այլ հասկանում ենք՝ Հայաստան և Արցախ, և ինքն ամբողջովին՝ մեկ Հայաստան.

«Ազատագրում, ձերբազատում, պահպանում, բայց դրա հետ մեկտեղ՝ այն ընկալումն է, որ այդ Հայաստանի տերը մենք ենք: Ինձ թվում է՝ մի քանի դասեր ստացանք, որ որևէ ուրիշը չի գալու պահի, և պետք է մենք պահենք: Երկրորդ ձեռքբերումն այն է, որ մենք բոլորս մեզ արդեն ընկալում ենք մեր պապերի երազանքի մեջ, որտեղ ունենք անձնագիր, ունենք մեր սեփական գումարները, ունենք պետականություն, պետական ինստիտուտներ, ունենք այն բոլոր ատրիբուտները, որով հպարտությամբ քարտեզի վրա կա մի գույն, և դա հայկական գույնն է»:

Թ. Պողոսյանի գնահատմամբ՝ ամենաառաջին կորուստը արտագաղթն է, ժողովրդագրական բոլոր խնդիրները՝ իրենց հետևանքներով. «Երկրորդ բացթողումը դա արդարության ընկալման այն աստիճան զարգացումն է, որտեղ վստահությունը դեպի մեր պետական ինստիտուտները թույլ չտվեց մեզ ձևավորել այն միջին խավ քաղաքացիներին, որոնք կառաջնորդվեն՝ որոշումներ կայացնելով արժեքներով, այլ ոչ թե՝ գումարային միջոցներով: Ցավոք սրտի, մենք քաղաքացի դաստիարակելու խնդրում դեռ թերացել ենք, և պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս