Իսպանիայում ձերբակալություններ են կատարվել Կատալոնիայում հանրաքվեի նախապատրաստման պատճառով
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան 12 մարդու է ձերբակալել Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստման հետ կապված հատուկ գործողության ընթացքում, Ժեներալիտետի (կառավարության) ղեկավարը խորհրդականների նիստի է հրավիրել: Այդ մասին հայտնել է Pais հրատարակությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրների:
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են՝ Ժեներալիտետի Հեռահաղորդակցական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի, սոցիալական հարցերի վարչության, էկոնոմիկայի ու ֆինանսների վարչության եւ արտաքին գործերի վարչության աշխատակիցներ: Նրանցից մի քանիսը կապված են հանրաքվեի վերաբերյալ նյութերի տարածման հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները ձերբակալել են Կատալոնիայի Ժեներալիտետի փոխնախագահի տեղակալ Հոսեպ Մարիա Հովեին: Նրանք նաեւ խուզարկություններ են կատարել Ժեներալիտետի շենքում եւ կառավարական այլ հիմնարկություններում՝ հայտնաբերելու հանրաքվեի նախապատրաստման հետ կապված փաստաթղթեր:
Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին անցկացնել անկախության հանրաքվե, ինչը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը: Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է քվեարկությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերի գործողությունը, որոնք անցած շաբաթ ընդունվել են Ժեներալիտետի եւ Կատալոնիայի խորհրդարանի կողմից: Այսպիսով, հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ Կատալոնիայի իշխանությունների հետագա բոլոր գործողություններն անօրինական են, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: