Բաժիններ՝

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողական աշխատանքները մսի իրացման շուկաներում, որոնց արդյունքում արդեն իսկ բարելավվել են շուկայահանվող մսի վաճառքի պայմանները և համապատասխանեցվել սահմանված պահանջներին: Ծառայությունն անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների կատարմանը հետևում է բոլոր փուլերում՝ կենտրոնացված մորթի իրականացման, սահմանված նորմերին համապատասխան տեղափոխման և իրացման, ինչպես նաև՝ փաստաթղթավորման: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում ևս սպառողները կկարողանան միս ձեռք բերել մաքուր և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող տաղավարից. «Նյու մարկետ» ընկերությանը պատկանող մսի տաղավարը կապիտալ նորոգում է անցել և համապատասխանեցվել իրացմանը ներկայացվող բոլոր պահանջներին: Տաղավարում մսի վաճառք է իրականացնում 21 տնտեսվարող:

«Մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցում ենք երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այստեղ: Տարածքում ամբողջական և ավելի որակյալ ծառայություն ենք մատուցելու, մսի ընդունման կետ կունենանք, նաև կբարելավենք լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները»,-ասում է «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանը:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ 3 ամսից, որից հետո տեղում ավելի պատշաճ կկազմակերպվի նաև փորձագիտական եզրակացություն տրամադրելու և ուղեկցող փաստաթղթերը ձևակերպելու գործընթացը:

Մսի իրացման շղթայում անվտանգությունն ու որակը վերահսկելու գործում Ծառայությունը կարևորում է սպանդանոցային պարտադիր մորթի կիրառումը, գործընթացն սկսվել է պետական գնումներից և փուլային տարբերակով վերջնականապես կներդրվի մինչև 2018-ի հուլիսի մեկը: Միաժամանակ՝ Ծառայությունը վերահսկում է, որ հիգիենիկ պայմաններում մորթված միսն իրացման ցանցեր հասնի մասնագիտացված մեքենաներով. սեպտեմբերի մեկից արդեն մեկնարկել է միս տեղափոխող փոխադրամիջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու գործընթացը, որի շրջանակներում արդեն նոյեմբերի 1-ից տնտեսվարողները միսն իրացման ցանց պետք է հասցնեն համապատասխան ջերմային ու հիգիենիկ պայմաններ ունեցող մեքենաներով: Այս բոլոր միջոցառումները կնպաստեն, որպեսզի սպառողին հասնի առավել որակյալ և անվտանգ միս:

Խնդրահարույց էր Երևանից դուրս եկող մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների՝ ոչ պատշաճ իրականացվող մորթը և իրացումը. կա նման 20 կետ, դրանցից 3-ն այսօրվանից բարեկարգված պայմաններում են աշխատելու: «Մայթերին գործող վաճառակետերի սեփականատերերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բացառվի փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը, տնտեսվարողներին հնարավորություն ենք տվել թերությունները վերացնել և համապատասխան պայմաններում մորթն իրականացնել, այլապես պետք է օգտվեն սպանդանոցների ծառայությունից»,- ասում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Մսի իրացման շուկաներում դրական փոփոխությունները շարունակական են լինելու, և, մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարների օրինակով, տարածվելու են բոլոր իրացման կետերի վրա, այդ թվում և՝ մարզերի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս