«Հայաստանը Ցյուրիխյան արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ». Սերժ Սարգսյան

Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով:

«Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս