Ոստիկանոթյունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով երրորդ կասկածյալին
Բրիտանական ոստիկանությունը երրորդ կասկածյալին է ձերբակալել սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին ասված է Սքոթլենդ-Յարդի կողմից տարածված հաղորդագրության մեջ: «25-ամյա տղամարդը ձերբակալվել է Նյուպորտում (Ուելսի մեծությամբ երրորդ քաղաքն է)»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Սքոթլենդ-Յարդն ընդգծել է, որ անցկացվող հետաքննության շրջանանկերում սեպտեմբերի 16-ին ձերբակալված մյուս երկու կասկածյալները շարունակում են մնալ կալանքի տակ: Խոսքը վերաբերում է 21-ամյա մի երիտասարդի, որին բռնել են Լոնդոնի Հաունսլոու շրջանում, եւ 18-ամյա մի պատանու՝ որին ձերբակալել են Դուվրի նավահանգստում:
Parsons Green վերգետնյա կայարանում գնացքի լեփ-լեցուն վագոնում պայթյունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 15-ին ժամը 08:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:20-ին): Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքն ամբողջությամբ չի գործել: Ահաբեկչական գործողության հետեւանքով տուժել է 30 մարդ: Նրանց մեծամասնությունն ստացել է դեմքի, վերին եւ ստորին վերջույթների այրվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը