Պետությունը նվեր է մատուցել չքավոր խավին. որոշել են թանկացնել «Չիբուխը». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր Հայաստան սոցիալական պետությունը նվեր է մատուցել երկրի չքավոր խավին։ Որպեսզի մարդիկ քիչ ծխեն ու չփչացնեն իրենց օրգանիզմը, ժամանակից շուտ չմահանան ու ավելի երկար ճաշակեն չքավոր կյանքի հմայքները, որոշել են թանկացնել «Չիբուխը»։
Վերջին 20 օրում աղքատների բարեկամ այս ապրանքանիշը 90 դրամով թանկացավ։ «Չիբուխը» Երևանում վաճառվում էր 160 դրամով, հիմա արդեն 250 դրամ արժե։ Հայկական սիգարետի ֆիլտրով տեսակները թանկացել են 10-30 դրամով, ինչը վկայում է, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են հենց աղքատների առողջության մասին։ Վերջիններս չեն գնահատում պետության հոգածությունը և վերջին բառերն են ասում իշխանավորների հասցեին։
«Ամենաանճար մարդիկ էին «Չիբուխ» ծխում, սրիկաները մտան ամենավատ ապրողի գրպանը։ Հիմա աղբամանների մոտ բիչոկ հավաքողները կշատանան։ Մարդիկ կան՝ ոչ թե հացով, այլ սիգարետով են ապրում։ Ոմանք ներվային սթրեսի մեջ կընկնեն»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Ի դեպ, «Չիբուխի» թանկացումը համբերությունից հանել է նաեւ կալանավայրերի բնակիչներին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում ազատազրկվածների մեծ մասն ամենաչքավոր խավից է, և «Չիբուխը» փրկություն էր նրանց համար։ Նրանք սիգարետի գնի հարցը բարձրացնում են կալանավայր այցելող պատգամավորների առաջ։ «Գրեք, որ թանկացել է, էսօր սաղ աշխարհից հայությունն այստեղ է եկել, թող իմանան, թե ովքեր են սրանք»։ Հիշեցնենք, որ առանց ֆիլտրի «Չիբուխի» գնորդները կտրուկ ավելացան 90-ական թվականներին՝ բնակչության զանգվածային աղքատացման հետեւանքով։ Այն ժամանակ «Չիբուխն» արժեր 25 դրամ։ Անկախության տարիներին դրա գինը 10 անգամ աճել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։