Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագնի վիճակը շատ լավ է, բայց չեն շտապում դուրս գրել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանի առողջական վիճակը շատ լավ է:
Այս մասին մեր զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Վահագն Աբգարյանը ստացել է վնասվածք կրծքավանդակի աջ կողմում, նաև աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով: Գլխավոր բժիշկի խոսքով՝ Վահագն Աբգարյանը գտնվում է հիվանդասենյակում: Հարցին, թե ե՞րբ դուրս կգրվի հիվանդանոցից, Կուրղինյանն ասաց, որ դեռ հայտնի չէ. «Ամեն ինչ կախված է վերքերի լավացումից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13.25-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր Վահագն Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը և հրազենային վիրավորում ստացել ինքը՝ Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են: Սպանության գործով երեք անձ՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը և 33-ամյա Արմեն Կարադամիդովը հետախուզվում են. քրեական գործի շրջանակներում նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։