Էյֆելյան աշտարակի շուրջ գնդականթափանց պատ են կառուցում
Սեպտեմբերի 18-ին սկսվել են Էյֆելյան աշտարակի հիմքի հարթակի շուրջ թափանցիկ գնդականթափանց պատի կառուցման աշխատանքները: Էյֆելի նշանավոր ստեղծագործությունը, որը կանգուն է մնացել ե՛ւ Առաջին, ե՛ւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, այժմ պետք է ահաբեկիչներից պաշտպանել այցելուների անվտանգությունն ապահովելու համար։
Կրկնակի երեքմետրանոց պատերը աշտարակը հյուսիսարեւմտյան կողմից բաժանում են Սենայի առափնյակից, ինչպես նաեւ այն ոչ մեծ ավտոմոբիլային անցումից, որը գտնվում է հարավարեւելյան կողմում եւ անցնում է Մարսյան դաշտի եզրաշերտով:
Զրահապատ ապակու հաստությունը կազմում է հինգ սանտիմետր, այն կարող է դիմանալ բանակային նմուշի ինքնաձիգներից արձակված գնդակներին եւ պաղպատե բեկորներին՝ ահաբեկիչների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման դեպքում: Բացի այդ, այն վայրերում, որտեղ աշտարակին հարում են գեղեցիկ զբոսայգիները, կտեղադրվեն լրացուցիչ մետաղական ցանկապատեր:
Շինարարությունը Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերության վրա ընդհանուր առմամբ կնստի 25 մլն եվրո: Պլանավորված է, որ նախապատրաստական աշխատանքներից հետո թափանցիկ պատերը կսկսեն տեղադրել հոկտեմբերի 5-ին: Պաշտպանական ամբողջ համալիրը պետք է ավարտված լինի 2018 թվականի հուլիսի 13-ին՝ հուլիսի 14-ի ազգային տոնի օրվա հրավառությունից մեկ օր առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: