Քննարկվել են Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարությունների նախնական ծրագրերը
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է կլոր սեղան քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը:
Քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է այն լայնածավալ պաշտոնական և տոնական միջոցառումներին, համերգային, մշակութային, պատմաճանաչողական և հայրենասիրական ծրագրերին, մրցույթներին, գիտաժողովներին, նախաձեռնություններին, որոնք նախատեսվում են վերոնշյալ իրադարձությունների շրջանակում կազմակերպել և անցկացնել Հայաստանում և Սփյուռքում:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր հերոսամարտերը հայոց պատմության մեջ բացառիկ կարևոր դերակատարություն ունեն, ուստի արվելու է առավելագույնը` այդ իրադարձություններն արժանվույն ներկայացնելու համար: Պաշտպանության նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների բազմաթիվ հարցերին և լսել նրանց առաջարկները` կապված տոնակատարությունների կազմակերպման հետ: