«Ադրբեջանին հաջողվել է քարոզչական դաշտում Հայաստանը ներկայացնել` որպես «ագրեսոր», որն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները». Արաքս Փաշայան
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են Հայաստանին»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
«Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում մեծ թափ են ստացել քաղաքական իսլամիզմը, սուննիական ծայրահեղական այն գաղափարախոսությունները, որոնք ներառվել են ջիհադիստական կառույցների գործունեության մեջ: Տարածաշրջանում կրոնական մոլեռանդության դրսևորումների ֆոնին հատկանշական է հատկապես այն, թե ինչ չափով է Հայաստանն առնչվում Մերձավոր Արևելքին, և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի համար՝ թաքնված նույն այդ Մերձավոր Արևելքում: Մեր չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Իրանն, անմիջականորեն ներգրավված են սիրիական պատերազմում: Եթե սրան գումարենք նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ սիրիական հիմնախնդրում ակտիվորեն ներգրավված լինելը, պարզ կդառնա, որ մենք շատ մոտիկ ենք մերձարևելյան խնդիրներին»,- ասաց արաբագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը՝ Արաքս Փաշայանը շեշտեց, որ այդ երկրին հաջողվել է Հայաստանը քարոզչական դաշտում ներկայացնել՝ որպես «ագրեսոր», որն «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները. «Եթե մինչև 2000-ական թվականները Հայաստանը բավական ամուր դիրքեր ուներ արաբական աշխարհում, ապա այժմ Ադրբեջանին հաջողվել է շատ դեպքերում առաջ անցնել: Այդ երկիրն այժմ շատ ավելի ընկալելի է արաբական երկրների համար, քան Հայաստանը»:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի հայ համայնքներին, ապա Հայաստանի անկախությունից ի վեր դրանք բացառիկ կարևոր դեր են խաղացել հայ-արաբական և հայ-իրանական կապերի ամրապնդման համար. «Համայնքներն արել են առավելագույնը՝ օգնելու Հայաստանի դիվանագիտական աշխատակիցներին՝ հաջողված աշխատանք տանել դիվանագիտության ոլորտում»: