Վահրամ Բաղդասարյանն ԱՄՆ կոնգրեսականներից խաղաղություն է պահանջել
«Մենք խաղաղություն ենք ուզում ձեզնից` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես հզոր պետություն, հասցեական հայտարարություններ արեք, թե ով է պատերազմ հրահրողը: Կոնկրետ անվանական նշեք, իսկ ով էլ խախտի պայմանները, նրանք պետք է հեռու լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից»,- այսօր ԱԺ-ում ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր կոչն ու պահանջը 168.am-ին փոխանցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա` և՛ Ադրբեջանի ժողովուրդը, և՛ Հայաստանի ժողովուրդը, և՛ ՀՀ իշխանությունը ցանկանում են խաղաղություն և խաղաղ ճանապարհով կերտել իրենց ապագա զարգացումն ու հարևանությունը: Վ. Բաղդասարյանի խոսքով` համանախագահները պետք է ճշտեն, թե ով չի ցանկանում խաղաղություն. «Դա Ադրբեջանի իշխանությունն է: Բայց հայկական կողմը չէ, որ պետք է Ադրբեջանին ստիպի, դա պետք է անեն միջազգային հզոր կառույցները, ԱՄՆ-ը, ՄԽ-ն: Նրանք պետք է կարողանան ինչ-որ գործիքներ գործադրելով՝ Ադրբեջանին ստիպել հրաժարվել ագրեսիվ, ռազմատենչ հայտարարություններից»: