Թուրք ազգայնական Աքշեների նորաստեղծ կուսակցությանը հրաժարվում են տրամադրել գրասենյակային տարածք
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից հեռացած և առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակնկալվող հիմնական մրցակիցը համարվող Մերալ Աքշեները չի կարողանում իր նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակի համար շենք գտնել: Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, այս մասին հայտնել է հենց Աքշեները:
Նա ընդգծել է, որ շատ շինությունների սեփականատերեր հրաժարվել են կուսակցության համար տարածք տրամադրել, քանի որ վախեցել են Էրդողանից: Հաշվի առնելով նմանատիպ բարդությունները՝ Աքշեները նշել է, որ գուցե մի փոքր ուշացնեն, սակայն արդեն հոկտեմբերի 15-ին նոր կուսակցության հետ կապված հիմնական աշխատանքները պետք է ավարտած լինեն:
Մերալ Աքշեները նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Ակնկալվում է, որ նրա կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի հոկտեմբերին: Նշվում է, որ կուսակցության անվանումը լինելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»:
Նորաստեղծ կուսակցության շարքերում կլինեն «Ազգայնական շարժում»-ից հեռացած այն գործիչները, ովքեր դեմ են կուսակցության վերջին շրջանի քաղաքականությանը. ԱՇԿ-ն վերջին շրջանում կոալիցիա է կազմել Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:
Թուրքիայում քննարկվում է այն հարցը, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում Աքշեները լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: Ուշագրավ է, որ նա կլինի առաջին կին քաղաքական գործիչը, ով թեկնածություն կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում: