Բաժիններ՝

Մեկնարկել է MOLDEX-2017 միջազգային դաշտային վարժանք

Սեպտեմբերի 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է «ԵՄ MOLDEX-2017» խորագրով միջազգային լայնամասշտաբ դաշտային վարժանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԻՆ 26 աշխատակցից կազմված թիմը: Վարժանքն անցկացվում է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են եղել Մոլդովայի ՔՊ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ և PPRD East 2 ծրագրի ղեկավար կազմը:

Վարժանքին ընդգրկված են Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:

Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:

Սցենարի համաձայն՝ X համայնքում վնասվել են 5-հարկանի բնակելի շինություն և հիվանդանոց, անհրաժեշտ են որոնողափրկարարական թիմեր (USAR teams): Ծավալվել է աղետի գոտում արձագանքման գործողությունները համակարգող միջազգային կենտրոն (OSOCC), և բոլոր միջազգային թիմերի համակարգող սպանները (Liaison Officers) միացել են այդ կենտրոնին:

Հայկական թիմը՝ բաղկացած երկու ենթախմբից, բոլոր միջազգային թիմերի հետ մեկնել է դեպքի վայր: Հայ փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային ամրակապման աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կիրառել են քիմիական վթարի արձագանքման միջոցներ:

Վարժանքին հետևում են քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս