«Կա քրդական մեկ շրջանակ, ներառյալ՝ այն կուսակցությունը, որին Կարո Փայլանն է պատկանում, որոնք ընդունում են Ցեղասպանությունը». Կիրո Մանոյան
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ սեպտեմբերի 25-ին սպասվող Քրդստանի հանրաքվեն կապ չունի հայկական պատմական տարածքների հետ.
«Այն, որ քրդերը մոտակայում հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի է հաջորդ քայլը համարել, որ Թուրքիայի քրդերն էլ անկախության կփորձեն հասնել, բայց այդպես չէ: Այն կուսակցությունը, որ Փայլանն է ներկայացնում, իր ծրագրերում չունի՝ անկախ Քրդստան ստեղծել Թուրքիայի մեջ: Չի նշանակում, որ չի ունենա, կունենա, դրա համար էլ անհրաժեշտ է, որ քրդական որոշ շրջանակների հետ պետք է սկսենք հարաբերվել»:
Նրա խոսքով ՝ Թուրքիայի մեջ քաղաքական իմաստով ամենաառաջադեմ շրջանակը քրդերն են, բայց միևնույն ժամանակ, նա նշեց, որ ամենահետադեմ շրջանակները նույնպես քրդեր են: «Կա քրդական մեկ շրջանակ, ներառյալ՝ այն կուսակցությունը, որին Կարո Փայլանն է պատկանում, որոնք ընդունում են Ցեղասպանությունը, ինչ-որ իմաստով նաև հատուցման հարցն են ընդունում, չեն պատկերացնում անկախ Հայաստան այդ տարածքների վրա, բայց ասում են, որ այնտեղ ապրելու իրավունք ունենք: Մենք պետք է հատկապես այդ շրջանի քրդերի հետ փորձենք հասկանալ իրար»: