«Համակուրսեցիս՝ Սերգեյ Լավրովը, մեծ հումորի զգացումով պատասխանեց հարցիս». Անդրանիկ Միհրանյանն ապրիլյան պատերազմի մասին խոսել է ՌԴ արտգործնախարարի հետ

«Ես ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տալիս հարց տալու, բայց անցյալ տարի հարց եմ տվել այդ քառօրյա պատերազմից հետո Սերգեյ Լավրովին՝ իմ համակուրսեցուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը ՌԴ արտգործնախարարին հարց է ուղղել ապրիլյան պատերազմի պատճառների մասին:

Ա. Միհրանյանի խոսքով՝ Ս. Լավրովը մեծ հումորի զգացում ունի. «Ասաց՝ դե, գուցե ինքդ էլ պատասխանե՞ս այդ հարցին: Ասացի՝ չէ, մենք մի քիչ անհավասար վիճակում ենք այսօր, որովհետև դու նոր ես վերադարձել Բաքվից և առիթ ես ունեցել Ալիևի հետ խոսելու, այնպես որ, դու ավելի խորքից պետք է իմանաս՝ ինչն է պատճառն այդ պատերազմի, ինչը դրդեց Ալիևին հենց այդ օրերին»:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Ա. Միհրանյանն ասաց. «Զենքի շուկան մեծ է, և շատ մասնակիցներ ունեք, իհարկե, եթե դուք դրամ ունեք, դուք կարող եք զենք գնել ամեն տեղից: Մի անգամ հարցին շատ սրամիտ պատասխանեց Ս. Սարգսյանը՝ ասաց՝ «մենք դեմ չենք, որ իրենք Ադրբեջանին զենք են վաճառում, բայց մենք կուզենայինք, որ մեզ էլ այդ զենքը վաճառեին, կամ դաշնակցական մեր պայմանավորվածությամբ՝ մենք էլ ունենանք այդ զենքը, որպեսզի տարածքում հավասարակշռությունը շեշտակի կերպով չխախտվի», դա է խնդիրը: Պատահական չէր, որ այդ պատերազմից հետո Հայաստանը և՛ իսկանդերներ ստացավ, և՛ այլ զինատեսակներ: Այնպես որ, հասկանում եմ, որ այս թեման շատ թեժ թեմա է, բայց մի քիչ ավելի շատ քաղաքականացված է, և փորձում են հակառուսական տրամադրություններ տարածել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս