
Դոնալդ Թրամփ-կրտսերը հրաժարվել է Գաղտնի ծառայության մշտական պահպանությունից

ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի ավագ որդու պահպանությունը հանվել է դեռ անցած շաբաթ:
«Ըստ հաղորդագրությունների, Թրամփ-կրտսերն հույս ունի ավելի մեծ անձնական տարածություն ունենալ, քան այն ժամանակ, երբ գտնվում էր մի շարք գործակալների պահպանության ներքո, որոնք նրան հետեւում էին ամենուրեք»,-գրում է հրատարակությունը:
Առայժմ հայտնի չէ, թե պահպանության ներքո կմնան արդյոք Թրամփ-կրտսերի կինն ու հինգ զավակները:
Մինչդեռ, Գաղտնի ծառայության պահպանությունից Միացյալ Նահանգների նախագահի որդու հրաժարվելու պաշտոնական հաստատում չկա: Սպիտակ տանը ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: